«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ինչպե՞ս քանդել ապօրինության շղթան

Ինչպե՞ս քանդել ապօրինության շղթան
05.11.2025 | 12:35

Արդարացնելու համար իր խայտառակ գործողությունները, ոստիկանն ասում է` «ես սովորական կատարող մարդ եմ, իմ գործն եմ անում` հրաման եմ կատարում»: Եվ Հայաստանի բնակիչների մեծ մասը համաձայնվում է ոստիկանի հետ` «դե, մարդն իր գործն է անում, գնացեք հրաման տվողին ասեք»: Նույնը` բոլոր ոլորտներում: Հարկադիրը, քաղաքապետարանը, հարկայինը, քննիչը, տեսուչը և մնացածները «իրենց գործն են անում` «հրաման են կատարում»: Եվ «իրենց գործի» կատարումը բնակիչներին ներկայացվում է իբրև անխոցելի ալիբի:

Փաստորեն, ստացվում է` հարյուր հազարավոր պետական աշխատողներ համարում են, որ իրենք ոչ մի բանի հետ կապ չունեն և «իրենց գործն են անում»: Շատ անգամ օրենքներ ու բարոյական սկզբունքներ են խախտում, սակայն իրենք մեղավոր չեն, քանզի «հրաման են կատարում և դա իրենց գործն է»:

Սա արդեն ախտորոշում է: Խոսքն առանց բացառության բոլոր պետական աշխատողների մասին է:

Իսկ ո՞վ է, ըստ իրենց, «հրաման» տվողը կամ այդ ու՞մ հանձնարարված «գործն են իրենք կատարում»: Դրա վերաբերյալ կարծիք վերջիններս չեն հայտնում:

Այսօրինակ` «հրաման» կամ «իրենց գործը կատարողների» համակարգը ծայրաստիճան անբարոյական է: Այստեղ ցանկացած ապօրինություն իրականացվում է վերացական «հրամանի» ու «իրենց գործի» քողի տակ և որևէ մեկը պատասխան չի տալիս:

Լավ, իսկ բնակիչնե՞րը: Դե, բնակիչներն էլ ընկալում են մատուցվող ձեռնածությունը (մանիպուլյացիան) և եզրակացնում, որ «պետությունը պետություն չի» կամ «ձուկը գլխից է հոտած»: Նվազագույնը` դրանով է ավարտվում հասունացող կոնֆլիկտը, առավելագույնը` պետության ղեկավարին են մեղադրում: Եվ, եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա կպարզենք, որ Փաշինյան Նիկոլը, Ալիև Իլհամը, էրդողանը, Թրամփը կամ Պուտին Վլադիմիրը նույնպես «իրենց գործն են անում» կամ «հրաման» կատարում: Այդ դեպքում, ինչու՞ «պետությունը պետություն չի» կամ արդյո՞ք Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամն են մեղավոր:

Ոչ: Ամենից առաջ ապօրինությունն անմիջապես կատարողն է մեղավոր` ոստիկանը, հարկադիրը, քաղաքապետարանը, հարկայինը, քննիչը, տեսուչը և մնացածները: Եվ որևէ կապ չունի, թե ում հրամանն ու հանձնարարությունն է կատարվում այն դեպքում, երբ հրամանն ու հանձնարարությունն ապօրինի են և կատարման ենթակա չեն:

Այս իմաստով, ապօրինությունների շղթան պետք է սկսել քանդել ներքևից` ոստիկանից, հարկադիրից, քաղաքապետարանից, հարկայինից, քննիչից, տեսուչից և մնացածներից: Միայն այդ դեպքում ապօրինությունների շղթան կքանդվի: Մնացածը ֆիկցիա է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ